88 տարեկան հասակում մահացել է ականավոր գիտնական, ժամանակակից բիոէներգիայի հիմնադիր, Ֆիզիկական եւ քիմիական կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բիոինժեներիայի եւ կենսաինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Վլադիմիր Սկուլաչովը, հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պետրովիչն ապրեց երկար ու հագեցած կյանք՝ լի գիտական հաղթանակներով ու ձեռքբերումներով, ռուսական գիտության առաջմղմամբ մեր երկրում եւ նրա սահմաններից դուրս: Նրա կողմից նկարագրվել է միջմեմբրանային էլեկտրոնների փոխանցման ֆենոմենը, հայտնաբերվել է օքսիդացման եւ ֆոսֆորիլացման ջերմակարգավորիչ անջատման ազդեցությունը, ապացուցվել է քիմիական եւ լույսի էներգիան էլեկտրական ձեւի վերածումը ներբջջային թաղանթային սպիտակուցների միջոցով, բացատրվել է բջջի եւ շրջակա միջավայրի միջեւ նատրիումի ու կալիումի իոնների ոչ հավասարակշռված բաշխման կենսաբանական նշանակությունը, բացահայտվել է կենդանի օրգանիզմներում էներգետիկայի նոր տեսակը՝ «նատրիումի ցիկլը»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնագետների կարծիքով՝ Սկուլաչովի աշխատանքի արդյունքները Նոբելյան մրցանակի են արժանի։

Վերջին տարիներին Սկուլաչոը ակտիվորեն ուսումնասիրում էր ծերացման մեխանիզմները։ Նա մշակում էր ծերացման ուսումնասիրության նոր ուղղություն՝ ֆենոպտոզի (ծրագրավորված ծերացման) հայեցակարգը։

«Աշխարհահռչակ եւ հարգված գիտնականը բիոինժեներիայի եւ կենսաինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիրն էր եւ դրա մշտական ղեկավարը, նա կանգնած է եղել Բելոզերսկու անվան ֆիզիկաքիմիական կենսաբանության ինստիտուտի ստեղծման ակունքներում, առաջ է մղել այն եւ հոգ տարել դրա հաջող գործունեության համար, ստեղծել եւ հաջողությամբ ղեկավարել է Ռուսաստանում ամենամեծ նորարարական կենսաբժշկական «Սկուլաչովի իոնների գործնական կիրառում» նախագիծը, որն ուղղված է միտոքոնդրիալ-հասցեագրված տեխնոլոգիաների եւ դեղամիջոցների զարգացմանը՝ կենսաբանական ծերացման եւ տարիքային պաթոլոգիաների դեմ պայքարի համար»,- նշել է ՄՊՀ մամուլի ծառայությունը։