Պրահայում 98 տարեկանում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Լյուբոմիր Շտրոուգալը, որը 18 տարի աշխատել է Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության (ՉՍՍՀ) կառավարության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։

«98 տարեկանում մահացել է Լյուբոմիր Շտրոուգալը, որը ղեկավարել է Չեխոսլովակիայի կառավարությունը 1970-1988 թվականներին։ 2022 թվականին արդարադատության մարմինները պետք է նրան դատարանի առաջ կանգնեցնեին՝ այն տարիներին, երբ նա ղեկավարում էր ՆԳՆ-ն եւ նախարարների կաբինետը, սահմանապահների կողմից դեպի Արեւմուտք պետական սահմանը հատելու փորձ կատարած մարդկանց սպանության համար։ Դատախազը, սակայն, Շտրոուգալի քրեական գործը կարճել է հոգեկան հիվանդությունների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։