Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարեւորվել է հայ-գերմանական միջխորհրդարանական սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: 

Ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարեւորությունը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության, իսկ տարածաշրջանում կայունության համատեքստում՝ Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ, մշտադիտարկման առաքելության վերաբերյալ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: