Վրացական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը խորհրդարանում եւ անցնում արտակարգ իրավիճակի ռեժիմի, ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նոր նախագահ Լեւան Խաբեիշվիլին, տեղեկացրել է «Новости- Грузия»-ն։ https://www.newsgeorgia.ge/

«Ձեր անհոգ կյանքն ավարտվեց»,- դիմել է Խաբեիշվիլին կառավարող կուսակցությանը Թբիլիսիի դատարանի որոշումից հետո, որը Միխայիլ Սաակաշվիլուն թողել է բանտում։

Նրա խոսքով՝ ՄԱՇ-ը «Վրացական երազանքի հետ խաղեր տալու» ժամանակ չունի, որովհետեւ Վրաստանի երրորդ նախագահի կյանքը վտանգված է։

Խաբեիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին կդառնա բողոքի կենտրոն, եւ տեղեկացրել է, որ վաղը մայրաքաղաքում սպասում է շրջաններից կուսակցության ներկայացուցիչներին՝ գործողությունների պլան մշակելու համար։

Լեւան Խաբեիշվիլին ՄԱՇ նախագահ է դարձել ներկուսակցական ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հունվարի վերջին։ Նա փոխարինել է Նիկա Մելիային, որին ընդդիմադիրները մեղադրել են անվճռականության եւ անգործության մեջ՝ Միխայիլ Սաակաշվիլու հետ կապված իրավիճակում։

Վրաստանի կառավարող կուսակցությունում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի փոփոխությունն անվանել են ֆարս եւ հավաստիացրել, որ ՄԱՇ-ը «ինքնալուծարման փուլում» է։