Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին կմիանա առանց Շվեդիայի, եթե Թուրքիան եւ Հունգարիան հավանություն չտան վերջինի հայտին, տեղեկացրել է IltaLehti թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համատեղ հայտն արդեն արժանացել է 30-ից 28 երկրների հավանությանը։ Հավանություն չեն տվել Թուրքիան եւ Հունգարիան։

«Ֆինլանդիան պատրաստ է ՆԱՏՕ մտնել առանց Շվեդիայի։ Այսպիսի իրավիճակ կառաջանա, եթե գարնանը Թուրքիան եւ Հունգարիան վավերացնեն Ֆինլանդիայի անդամակցությունը, բայց երկրներից մեկը չվավերացնի Շվեդիայի անդամակցությունը պաշտպանական գերատեսչությանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Հելսինկին քանիցս ընդգծել է դաշինքին միանալու համատեղ բնույթը։

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համատեղ հայտի վավերացման գործընթացը դադարեցվել է այս տարվա սկզբին՝ Ստոկհոլմում հակաիսլամական բողոքի ցույցերի պատճառով։