Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ընտանիքի հարազատները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Նրանց երկու երեխաները գտնվում էին հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Երեւանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով 7.13-ին: Այն գրանցվել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ: