ՎԶԵԲ-ը հետաքննություն է սկսել եվրոպական այդ ֆինանսական կառույցում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարի անօրինական գործողությունների հետ կապված մեքենայությունների եւ կոռուպցիայի գործով:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, բազմաթիվ փաստաթղթերի կեղծման մասին փաստերը ՎԶԵԲ-ի երկու ադրբեջանցի վարկառուներ Զամին Ալիեւը եւ Քյանան Ռասուլովը, որոնք համապատասխանաբար գլխավորում են GemZA Group եւ H&M AGRO ընկերությունները, փոխանցվել են Լոնդոնում ՎԶԵԲ-ի կենտրոնակայանի հետաքննության դեպարտամենտ: Գործում առկա են շինթույլտվություններ, կեղծ բանկային քաղվածքներ, կեղծ պայմանագրեր պատվիրատուների հետ՝ վաճառքների ծավալն արհեստականորեն ուռճացնելու համար, որոնք իրականում չեն եղել եւ այլն։ 

Պարզվել է, որ երկու վարկառուներն էլ նպատակային չեն օգտագործել ՎԶԵԲ-ից ստացված վարկային միջոցները: Այսպես, Gemza Group-ի սեփականատեր Զամին Ալիեւը կանխիկացրել է 14 մլն եվրո, իսկ H&M AGRO ընկերության սեփականատեր Քյանան Ռասուլովը՝ 2,4 մլն դոլար ստացված վարկային միջոցներից։ Ընդ որում, երկու ադրբեջանցի գործարարները հաջողությամբ խուսափել են բոլոր հարկային պարտավորություններից։

Սակայն հետաքննության գլխավոր ֆիգուրանտները ոչ թե Ալիեւն ու Ռասուլովն են, այլ Ասիֆ Մահմուդովը՝ ՎԶԵԲ-ի կենտրոնակայանին կից Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարը, որն էլ հենց կառուցել է այդ ֆինանսական «բուրգը»։ ՎԶԵԲ-ի աուդիտորների տրամադրության տակ են հայտնվել փաստեր, որոնց համաձայն՝ Մահմուդովը պարբերաբար կաշառք է ստացել, նախաձեռնել է «պայմանագրային» մրցույթներ, անձամբ մասնակցել է փաստաթղթերի կեղծմանը, գերագնահատել է վարկառուների գրավադրվող գույքի գնահատումը եւ այլ խարդախություններ:

Բանկը նաեւ տեղեկացել է, որ Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Զամին Ալիեւը եւ Քյանան Ռասուլովը ՎԶԵԲ-ի կողմից հավատարմագրված Value & Sources ընկերությունում իրենց գրավադրված գույքի գնահատում են իրականացրել, որի սեփականատերը Ասիֆ Մահմուդովի ցուցումով մի քանի անգամ բարձրացրել է դրա իրական արժեքը: Բացի այդ, Ասիֆ Մահմուդովը, «գործնական» կապեր հաստատելով մի քանի իրավաբանական խորհրդատուների հետ, որոնք նույնպես ունեցել են ՎԶԵԲ-ի հավատարմագրում, վարկառուներից ընդունել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր։

Պարզվել է նաեւ, որ տվյալ հետաքննությունը փորձում են «կոծկել» ՎԶԵԲ նախագահ, ֆրանսուհի Օդիլ Ռենո-Բասսոյի գլխավորած կենտրոնակայանում գտնվող որոշ բարձրաստիճան պաշտոնյաների:

Անցյալ տարվա դեկտեմբերին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը լրացուցիչ վարկեր է տրամադրել Gemza Group եւ H&M Agro ընկերություններին: Բանկի հրապարակած տեղեկատվության մեջ ասվում է, որ Gemza Group-ին 5,6 մլն եվրոյի չափով վարկ է տրամադրվում Ադրբեջանում երեք ժամանակակից եւ բարձր արդյունավետությամբ չոր արտադրանքի պահեստների կառուցման համար: Gemza Group-ը ներկայացված է որպես Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկը, որը տրամադրում է ինժինիրինգային ծառայություններ, այդ թվում՝ նավթագազային սարքավորումների մատակարարում։ Բանկը հայտարարել է, որ ընկերությունը փորձում է դիվերսիֆիկացնել իր եկամուտները եւ ներկայումս մտնում է պահեստային բիզնես: Բանկը նաեւ հայտնել է, որ H&M Agro ընկերությանը 2 մլն դոլարի չափով տեղական վարկ է հատկացրել ժամանակակից ջերմոցային համալիրի կառուցման համար: