Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով կներկայացվի մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2023 թ. փետրվարի 14-ը ներառյալ, [email protected] էլ.փոստին:      Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի: Լավագույնները կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում:

Մայրենիի միջազգային օրվա շրջանակում դպրոցներին առաջարկվում է նաև, որպես սոցիալական արշավ, իրականացնել ուսումնական նախագծեր՝ նվիրված մայրենի լեզվին, փետրվարի 14-21-ը դրանք հրապարակել դպրոցների պաշտոնական հարթակներում (Ֆեսյբուք, Ինստագրամ)՝ #մերմայրենին  #մայրենինամենուր նշիչներով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ի սոցիալական հարթակներում Մայրենիի նախընթաց շաբաթվա ընթացքում իրականացնել նաև մեկ այլ սոցիալական արշավ` հրապարակել օտար բառեր և դրանց համարժեք հայերեն տարբերակները՝ օգտագործելով #եսընտրումեմհայերենը կամ #հայերենհամարժեքը նշիչները: Դպրոցները ևս կարող են միանալ այս նախաձեռնությանն իրենց սոցիալական էջերում: Հայերենի համարժեքներին կարելի է ծանոթանալ Լեզվի կոմիտեի կայքի «Հորդորակ» շարքում:

Նշենք, որ համաձայն ընթացակարգի՝ մրցույթի և արշավի վերաբերյալ շրջաբերական գրությամբ տեղեկացվել են նաև ՀՀ դպրոցները: