Սիրիայում ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է երկրաշարժի հետեւանքով, այդ թվերը կաճեն: Այս մասին ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մադս Բրինչ Հանսենը:

«Վերջին տվյալներով՝ Հալեպում, Լաթաքիայում եւ Համայում փլուզվել է 175 շենք։ Զոհվել է 1509 մարդ, վիրավորվել՝ 3548-ը։ Միայն Համայում եւ Լաթաքիայում հարյուրավոր մարդիկ մինչ օրս համարվում են անհետ կորած։ Ակնկալվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում այդ թիվը կտրուկ կաճի»,-ասել է նա։ 

Նա հավելել է, որ ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իր տունը, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։