Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան եւ համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական բարեկամությանը՝ առավել զարգացնելով եւ ամրապնդելով երկու երկրների միջեւ ձեւավորված փոխգործակցությունը։

«Համոզված եմ, որ Ձեր այցն ավելի կամրապնդի հայ-խորվաթական բարեկամությունը եւ կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: Նման այցելությունները նպաստավոր են մեր հետագա անելիքները ճշգրտելու, քննարկելու, կողմնորոշվելու եւ նոր հորիզոններ նախանշելու տեսանկյունից: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ: Ցավոք, մեր հարեւան երկիրը դեռեւս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մեկ անգամ եւս ողջունում եմ Ձեր այցը եւ մաղթում արգասաբեր աշխատանք»,- իր խոսքում ասել է նախագահը:

Խորվաթիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, հայ-խորվաթական հարաբերությունների պատմության ընթացքում Խորվաթիայի նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ, ինչպես նաեւ մեր հայ գործընկերների հետ այս երկօրյա այցելության շրջանակում: Կարծում եմ, որ մենք պետք է հաստատենք ավելի սերտ համագործակցություն եւ ընդլայնենք գործակցության շրջանակը՝ միասին շատ ավելին անելու նպատակով»,- ասել է Գորդան Գրլիչ Ռադմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում ողջունելի է համարվել Խորվաթիայի նախարարի այցի շրջանակում նախատեսված համատեղ գործարար համաժողովի անցկացումը: Երկուստեք կարեւորվել է տնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացվել մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ճգնաժամին եւ այն հնարավորինս արագ հանգուցալուծելու կարեւորությանը