Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է նախարարական վերադասավորումների շրջանակում չորս նոր նախարարությունների ստեղծման մասին, ներառյալ էներգետիկ անվտանգության առանձին նախարարությունը, ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ:

«Որպեսզի ողջ կառավարությունը պատրաստ լինի դիմակայել բրիտանացի ժողովրդի առջեւ ծառացած առաջադրանքներին, վարչապետը Նորին Մեծություն Թագավորի հավանությամբ այսօր ստեղծել է չորս նոր նախարարություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Բարեփոխումների արդյունքում Էներգետիկայի, բիզնեսի եւ արդյունաբերության նախարարությունը կլուծարվի եւ կփոխարինվի Էներգետիկ անվտանգության եւ կլիմայական չեզոքության առանձին նախարարությամբ՝ ներկայիս բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրանտ Շափսի գլխավորությամբ։ Մեծ Բրիտանիայի ներկայիս արտաքին առեւտրի նախարար Քեմի Բադենոչը կգլխավորի բիզնեսի եւ առեւտրի նոր միավորված նախարարությունը:

Բացի այդ, թվային, մշակույթի, լրատվամիջոցների եւ սպորտի նախարարությունը կդառնա մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի նախարարություն՝ Լյուսի Ֆրեյզերի գլխավորությամբ։ Միաժամանակ Սունակը հայտարարել է կառավարությունում նոր գերատեսչության՝ գիտության, նորարարությունների եւ տեխնոլոգիաների նախարարության ստեղծման մասին։ Այն կգլխավորի Միշել Դոնելանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի նախարարի պաշտոնը: