Ադրբեջանը պետք է անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը։ Այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

Նախարարն արձանագրել է, որ 30 տարի տեւող հակամարտությունը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ «Վերքերը խորն են։ Մենք միամիտ չենք եւ գիտենք, որ նրանք արագ չեն ապաքինվի։ Սակայն վերջին շրջանում քայլեր են ձեռնարկվում»,- ասել է Բերբոքը:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ միջանցքը, Լեռնային Ղարաբաղում դեղորայքի եւ սննդի պակաս կա, ընտանիքները բաժանված են, աշակերտները չեն կարողանում դպրոց հաճախել, եւ  էներգիայի մատակարարում չկա։ «Կարեւոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է կատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է Բերբոքը։

Նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական սահմանին երկրորդ դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ ԵՄ-ի որոշումը։ Նրա խոսքով, Գերմանիայի ներկայացուցիչները ակտիվորեն կմասնակցեն առաքելության աշխատանքներին։ «Ուզում եմ ընդգծել, որ որպես ԵՄ ներկայացուցիչ մենք չեզոք դիտորդներ ենք։ Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»,- ասել է Բերբոքը: Նա ողջունել է ԵՄ-ի միջնորդական ջանքերը՝ նշելով, որ «կողմերը հարցնում են՝ արդյոք կհարգվի՞ խաղաղության համաձայնագիրը, արդյոք կպաշտպանվե՞ն փոքրամասնությունների իրավունքները»։

 Գերմանացի նախարարը նշել է  խաղաղության հասնելու չորս կարեւոր կետ։ Առաջինը դիերի որոնումն ու հարազատներին վերադարձն է, գործընթացն իրականացնում է ԿԽՄԿ-ն։ Երկրորդ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանը սահմանազատված չէ, եւ դա հրահրում է փոխհրաձգություններ։ Առանց հստակ սահմանի խաղաղությունը մոտ չէ: Գերմանիան պատրաստ է աջակցել սահմանի սահմանազատմանը։ Երրորդն ականազերծումն է, Գերմանիան արդեն օգնում է այդ հարցում։ Չորրորդը՝ ինչպես օգնել երկրներին խաղաղության պահպանման հարցում: «Հարավային Կովկասում մեր մասնակցությունը բխում է ընդհանուր եվրոպական շահերից։ Տեւական խաղաղությունը տնտեսական օգուտներ կբերի։ Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասը կապել Եվրոպայի հետ եւ Հարավային Կովկասի կապերը բարելավել  Միջին Ասիայի հետ»,- ասել է նախարարը։