Նեանդերթալցիները պարբերաբար ծովախեցգետիններ են օգտագործել սննդի մեջ: Այս մասին հոդվածը հրապարակվել է Frontiers in Environmental Archeology-ում։

Դա պարզվել է Լիսաբոնից հարավ գտնվող Ֆիգեյրա Բրավա քարանձավն ուսումնասիրելիս։ Բացի քարե գործիքներից եւ փայտածուխից, եղել են ծովախեցգետինների, հիմնականում՝ խոշոր ցամաքային խեցգետինների (Cancer pagurus) բազմաթիվ պատյաններ: Դրանց չափը գնահատվել է պատյանի տրամագծի եւ ճանկերի երկարության հարաբերակցությամբ, որոնք ավելի լավ են պահպանվել, քան կենդանու մյուս մասերը։ Հնագետները գնահատել են պատյանների ճեղքման բնույթը, որոնել են մասնատման կամ հարվածների հետքեր եւ պարզել են, թե ենթարկվել են արդյոք խեցգետինները բարձր ջերմաստիճանի ազդեցության:

Արդյունքում Մարիանա Նաբաիսը՝ Մարդու պալեոէկոլոգիայի եւ սոցիալական էվոլյուցիայի կատալոնական ինստիտուտից, եւ նրա գործընկերները պարզել են, որ հայտնաբերված խեցգետինները հիմնականում մեծահասակներ են, որոնք մոտ 200 գրամ միս են տվել: Ուսումնասիրելով խեցիների եւ ճանկերի վնասների բնույթը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ առնետները, ոչ թռչունները, ոչ էլ այլ գիշատիչները չեն դիպչել դրանց։ Քանի որ ծովախեցգետիններին բռնելը բավականին դժվար է, հավանական է, որ նեանդերթալցիները դա արել են մակընթացության ժամանակ՝ փորձելով որսալ պատյանի 16 սանտիմետր լայնություն ունեցող կենդանիներին:

Բացի այդ, նեանդերթալցիները ոչ միայն խեցգետիններին հավաքել, այլեւ տապակել են: Պատյանների վրա կրակի հետքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք տաքացվել են մոտ 300-500 աստիճանում, ինչը բնորոշ է կրակի վրա ուտելիքի պատրաստմանը։ «Մենք վերջնականապես հերքեցինք հնացած պատկերացումն այն մասին, որ նեանդերթալցիները քարանձավի պարզունակ բնակիչներ են եղել, որոնք հազիվ են գոյատեւել մեծ որսի դիակների հաշվին»,- բացատրում են հեղինակները:

Միեւնույն ժամանակ, հնագետները պատասխան չունեն, թե ինչու են նեանդերթալցիներն այդ քանակությամբ ծովախեցգետիններ կերել եւ արդյոք դրանք կարեւոր դեր են խաղացել նրանց համար։