Լիբանանի առեւտրային բանկերը երեքշաբթի փակել են իրենց դռները հաճախորդների առջեւ՝ ի նշան դատարանի վերջին որոշման դեմ բողոքի, որը երկրի խոշորագույն բանկերից մեկին ստիպել է իրենց երկու ավանդատուներին կանխիկ գումար վճարել իրենց արգելափակված խնայողություններւց, հաղորդում է АР-ը։

Դա երկրում ֆինանսական ճգնաժամից ի վեր առաջին իրավական լուծումն էր։ 

Լիբանանի բանկերի ասոցիացիան, որը լոբբինգ է անում բանկերի շահերի համար, հայտարարություն է տարածել, որում այս ակցիան անվանել է «անժամկետ գործադուլ» եւ քննադատել դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ այն վնաս է հասցնում բոլոր ավանդատուներին, քանի որ բանկերը չեն կարող իրենց թույլ տալ ամբողջությամբ վճարել այդ հաճախորդների խնայողությունները:

ԱՄՀ-ն քննադատել է Լիբանանին բարեփոխումների դանդաղ առաջընթացի համար, քանի որ երկրի կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ բանակցությունները սկսվել են 2020 թվականի մայիսին:

Միեւնույն ժամանակ, բանկերը հրաժարվել են իրենց բաժնետերերին ճգնաժամի պատասխանատվությունը ստանձնելու փորձերից եւ պնդել, որ կառավարությունը եւ իրենց սեփական ավանդատուները կիսեն կորուստների ամենամեծ բեռը:

Բանկերի փլուզումը Լիբանանի տնտեսական անկման եւ աննախադեպ ֆինանսական ճգնաժամի հետեւանք է, որը բռնկվել է 2019 թվականին՝ երկրի ղեկավարների կողմից մի քանի տարվա կոռուպցիայից եւ սխալ կառավարումից հետո: Լիբանանի 6 միլիոնանոց բնակչության ավելի քան երեք քառորդը ընկղմվել է աղքատության մեջ, իսկ լիբանանյան ֆունտը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի մոտ 97 տոկոսը։