Լիբանանի օդային տարածքն ու նավահանգիստները բացվել են՝ Սիրիա օգնության առաքումը հեշտացնելու համար։ Այս մասին հայտարարել է Լիբանանի ժամանակավոր կառավարության հասարակական աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Ալի Համիեն, հաղորդում է SANA-ն։

Համիեն հայտնել է, որ Տրիպոլիի եւ Բեյրութի նավահանգիստները բաց կլինեն լիբանանյան նավահանգիստներում ծովային տրանսպորտային ընկերությունների համար: Բացի այդ, Բեյրութի օդանավակայանը բաց կլինի օդանավակայանում օդային տրանսպորտի ընկերությունների վայրէջքի համար: 

Նա նաեւ հայտարարել է  տուրքերից եւ հարկերից ազատման մասին՝ Սիրիա օգնության առաքումը հեշտացնելու համար՝ նշելով, որ «դա ամենաքիչն է, ինչ կարող է առաջարկվել սիրիացի ժողովրդին»։

Համիեն ընդգծել է, որ լիբանանյան բանակի ինժեներական գնդի, քաղաքացիական պաշտպանության, Կարմիր խաչի եւ հրշեջ գնդի մի խումբ զինծառայողներ կուղարկվեն Սիրիա, որպեսզի իրենց ներդրումն ունենան երկրաշարժից տուժածների փրկության գործում: