Հայ-թուրքական գործընթացում դրական արդյունքներ կան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բեռլինում իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարն արձանագրել է երկխոսությունը սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, վերահաստատել Հայաստանի անկեղծ ներգրավվածությունը տրամաբանական արդյունքի հասնելու հարցում: Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց կա։

«Մեր պատկերացմամբ՝ գործընթացը մի փոքր դանդաղ է ընթանում, բայց դրական արդյունքներ կան։ Վերջին շրջանում Հայաստանն ու Թուրքիան որոշել են վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ Հույս ունենք, որ գործընթացը կշարունակվի ավելի արագ եւ ավելի շոշափելի արդյունքներով»,-ասել է նախարարը՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը խաղաղ եւ կայուն մեծ տարածաշրջան ստեղծելու հարցում։