Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ցավակցություն է հայտնել Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

«Չնայած հարաբերությունների ողջ բարդությանը եւ իրավիճակին՝ Հայաստանն օգնության ձեռք մեկնեց եւ պատրաստակամություն հայտնեց մարդասիրական աջակցություն ցուցաբերել եւ՛ Թուրքիային, եւ՛ Սիրիային։ Մենք՝ որպես 1988 թվականի ավերիչ երկրաշարժի առջեւ կանգնած ազգ, կարեւոր ենք համարում, որ ոչ մի հասարակություն միայնակ չմնա տարերային աղետի ժամանակ»,-ասել է նա։

Նախարարը հայտնել է, որ այժմ քննարկվում է Սիրիային եւ Թուրքիային օգնություն ցուցաբերելու հարցը՝ առաջին օգնության բեռի եւ փրկարարական ջոկատների առաքման տեսքով: «Կրկնեմ։ Մենք 1988-ին տեսանք երկրաշարժի ավերիչ հետեւանքները։ Այն ժամանակ մենք մենակ չէինք, մենք ստացանք միջազգային հանրության օգնությունը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք օգնության ձեռք մեկնել տուժած ժողովուրդներին»,-նշել է Միրզոյանը։