Փոխադարձ մեղադրանքներ են սկսվել ԵՄ պաշտոնյաների շրջանում այն տեղեկատվության արտահոսքից հետո, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է մեկնի Բրյուսել, ինչը նրա անվտանգության վերաբերյալ մտահոգություններ է առաջացրել:

Հաղորդվում է, որ Զելենսկին պատրաստվում է այս հինգշաբթի մեկնել Բրյուսել, որպեսզի գագաթաժողովում անձամբ հանդիպի ԵՄ առաջնորդների հետ եւ ելույթ ունենա Եվրախորհրդարանի արտահերթ նստաշրջանում:

Համարվում է, որ անցած փետրվարին հակամարտությունը սկսվելուց հետո նա Ուկրաինան միայն մեկ անգամ է լքել՝ դեկտեմբերին նա անակնկալ այց կատարեց Վաշինգտոն, որտեղ ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում եւ կոչ արեց մեծացնել ռազմական աջակցությունը: Այս ուղեւորությունը պլանավորվել էր խստագույն գաղտնիության պայմաններում՝ նրա անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով, թեեւ մանրամասները նախօրեին արտահոսել էին:

Բրյուսել առաջարկվող ուղեւորությունից մոտավորապես 48 ժամ առաջ այցի մասին հաղորդել են իտալական լրատվամիջոցները, իսկ ավելի ուշ՝ Twitter-ում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ)՝ Եվրախորհրդարանի աջ կենտրոնամետ խումբը:

«Մենք անհամբեր սպասում ենք ձեզ Բրյուսելում ողջունելու հնարավորությանը, պարոն նախագահ»,- ասվում է թվիթում։

Գրառումն արագ ջնջել են, սակայն Politico-ն սքրինշոթ է արել այն:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը կազմակերպում է ԵՄ գագաթաժողովները, արտահոսքի համար Եվրախորհրդարանին է մեղադրել։ Նրա մամուլի քարտուղարը ոչ հաստատել, ոչ հերքել է այցը՝ ասելով. «Նախագահ Զելենսկու համար Բրյուսել այցելելու բաց հրավեր կա»:

Միեւնույն ժամանակ, Զելենսկին նախորդ շաբաթ մերժել է Բրյուսել մեկնելու ցանկացած առաջարկ՝ հայտարարելով, որ իր ուղեւորությունները շատ ռիսկային են։

Սկանդալն անհարմար դրության մեջ է դնում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլային, որի պաշտոնյաները մեղադրվում են տեղեկատվության արտահոսքի մեջ։ Նա նաեւ ԵԺԿ խմբի անդամ է, որը հակիրճ հայտնել է այցի մասին, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Առանձին-առանձին ԵՄ դիվանագետները հայտնել են, որ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային: Զույգը խանդավառությամբ է խոսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին։ Սակայն անդամ շատ երկրներ պնդում են, որ ԵՄ առաջնորդները պետք է մեղմացնեն իրենց հրապարակային հռետորաբանությունը, որպեսզի դաշինքին արագ միանալու հույսեր չառաջացնեն: