Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտումներ։ Այս մասին Բեռլինում իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Իմ գործընկերոջը ներկայացրեցի այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց բախվում են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար հայեր գտնվում են լիակատար շրջափակման մեջ եւ կտրված աշխարհից։ Եվ այսպես շարունակվում է 2 ամիս։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժվելու իրավունքից, կանգնած են մարդասիրական աղետի առաջ, ամեն օր գազն ու էլեկտրականությունը անջատվում են, ընտանիքները բաժանված են, երեխաները զրկված են կրթության իրավունքից, պակասում է սնունդը, բժշկական օգնությունը։ Սա հետեւանք է այն բանի, որ Ադրբեջանը բնապահպանական կեղծ կարգախոսների ներքո եւ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում սեփական պարտավորությունների խախտմամբ փակել է Լաչինի միջանցքը»,-հայտարարել է Միրզոյանը։ Ըստ նրա՝ միջանցքի արգելափակումը եւ դրան նախորդած ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են 2021 թվականի մայիս եւ նոյեմբեր ամիսներին եւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածք ներխուժումը, Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար անտանելի կենսապայմանների ստեղծումը նպատակ են հետապնդում ստիպել արցախահայությանը լքել իրենց տները եւ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ Դա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում, ընդգծել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ մինչ օրս չեն վերացվել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները։ Խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորությունները՝ Ադրբեջանը պահում է հայ գերիներին եւ քաղաքացիական անձանց, անհետ կորածների ճակատագիրը պարզված չէ, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը։ «Այնուամենայնիվ, չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց մի մասը ես թվարկել եմ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին»,-եզրափակել է նախարարը: