Հոլանդացի հայտնի նկարիչ Յան Վերմեերի 28 կտավներն այս շաբաթ կցուցադրվեն Ամստերդամի պետական թանգարանում, հայտնում է Reuters-ը։

Դա կլինի 17-րդ դարի հոլանդացի վարպետի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը, նա հայտնի է կենցաղային եւ դիմանկարային ժանրում իր վարպետությամբ:

Ցուցահանդեսում հավաքված են այն գործերի կեսը, որոնք, ենթադրաբար, երբեւէ նկարել է Վերմեերը:

Նկարիչը մահացել է 43 տարեկանում եւ բավականին դանդաղ է աշխատել։

Հանրահայտ գործերի հետ մեկտեղ, ինչպիսիք են «Մարգարտյա ականջօղով աղջիկը» (1664 թ.) եւ «Կաթնավաճառը» (1659 թ.), ցուցահանդեսում կներկայացվեն Վերմեերի երկու հայտնի բացօթյա կտավները, մի քանի մեծ կտավներ եւ կանանց մի շարք դիմանկարներ:

Ցուցահանդեսին, որը բացվում է ուրբաթ օրը եւ կտեւի մինչեւ հունիս, իրենց ներդրումն են ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ ԱՄՆ-ի թանգարանները։

Ինչպես հայտնել է պետական թանգարանի տնօրեն Տակո Դիբիթսը, Վերմեերը մեծ ընտանիքի հայր է եղել եւ արվեստի դիլերի հագեցած կյանքով է ապրել՝ շարունակելով ստեղծել հանգիստ գեղեցկությամբ լի գործեր՝ ողողված լույսով, փոխանցված գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ։

Հայտնի նկարչի մահից հետո մնացած միակ փաստաթուղթը նրա մահից հետո կազմված գույքի հաշվառումն է, որը վկայում է մեծ թվով պարտքերի մասին, որ ունեցել է նրա ընտանիքը։