Իշխանությունները խոսում են զինված ուժերում էական փոփոխությունների եւ բարեփոխումների մասին։ Միեւնույն ժամանակ, բանակում տեղի են ունենում ողբերգություններ եւ նոր տարածքային զիջումներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ցանկացած միջադեպ յուրօրինակ փորձություն է երկրի անվտանգության համակարգի համար։

Հասարակությունը, ինչպես նշեց պատգամավորը, շարունակում է տեսնել եւ արձանագրել միայն մեկ բան՝ անվտանգության համակարգի փլուզում, ինչը հանգեցնում է մարդկային ողբերգությունների եւ կորուստների։

«Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին կշարունակի գտնվել մի քաղաքական ուժ, որի ներկայությունը ասոցացվում է պատերազմի, ագրեսիայի, անպաշտպանության, ոչ կոմպետենտության, սգի եւ աղետի հետ»,-ասաց Աբրահամյանը:

Նա համոզված է, որ հայ ժողովրդի ապագա գոյությունն այս տարածաշրջանում կախված է լինելու նրա զինված ուժերի մարտունակության մակարդակից։