Հայաստանում տնտեսական ակտիվության 14,2% աճի մոտ ¾-ն արձանագրվել է այն ճյուղերի հաշվին, որոնք, այսպես թե այնպես, զգացել են Ուկրաինայի պատերազմի հետեւանքները։ Այս մասին փետրվարի 7-ի հայտարարությունների ժամին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նրա խոսքով, 2022 թվականին միայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դոլար, ինչը 4,2 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։

«Միայն այս դրամական փոխանցումները համարժեք են Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 20%-ին։ Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրաշրջանառությունը նույնպես աննախադեպ՝ մոտ 80%-ով աճել է։ Սակայն մենք Ռուսաստան հիմնականում արտահանել ենք ոչ թե սեփական արտադրանք, այլ ներմուծել ենք այլ երկրներից»,- ասաց պատգամավորը։

Միաժամանակ նա նշեց, որ Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ եւ Ռուսաստանի գործընկեր չի հանդիսանում, այս գործոնների համադրությամբ կարողացել է 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ ապահովել։ Միաժամանակ, 2018-2021 թվականներին ներդրումների միջին աճը կազմել է 3,5%։

«Անվտանգության աճող մարտահրավերների համատեքստում նրանց ներգրավման գործընթացը վտանգի տակ է։ Խոստացված աննախադեպ տնտեսական աճի փոխարեն համախառն ներքին արդյունքի աճը 2018-2021 թթ. միջինը տարվա կտրվածքով կազմել է 2,8%: Միաժամանակ պետական պարտքի միջին մակարդակը զգալիորեն աճել է»,- դժգոհեց պատգամավորը։