Երեքշաբթի օրը Ferrari ընկերությունը հայտարարել է, որ Լորենցո Ջորջետիին նշանակել է ընկերությունում վերջերց բացված նոր՝ մրցարշավներից ստացվող եկամուտների տնօրենի պաշտոնում․ նրան հանձնարարված է երկարաժամկետ հարաբերություններ զարգացնել հովանավորների հետ մրցարշավային ամեն տեսակի գործունեության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Նախկինում Ջորջետին եղել է «Միլան» ֆուտբոլային ակումբի կոմերցիոն տնօրենը եւ իտալական RCS Mediagroup հրատարակչության սպորտային բաժնի կոմերցիոն կառավարման ղեկավարը, ասվում է Ferrari-ի հայտարարության մեջ:

Նա ուղղակիորեն կենթարկվի Ferrari-ի գլխավոր տնօրեն Բենեդետտո Վինյեին, որը նաեւ կիբեռսպորտի (տեսախաղերի սպորտային մրցույթ – խմբ․) զարգացող ոլորտի հետազոտությամբ է զբաղվում:

Ջորջետին ներկայումս Կիբեռսպորտի համաշխարհային ֆեդերացիայի խորհրդի անդամ է:

Այս նշանակումը ցույց է տալիս, որ Վինյեն, որը մեկուկես տարի առաջ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո վերակառուցել է ընկերության բարձրագույն կառավարման կառուցվածքը, ավելի մեծ ուշադրություն է դարձնում Ferrari-ի՝ մրցարշավների հետ կապված կոմերցիոն գործունեության ընդլայնմանը:

Ferrari-ի հովանավորությունից, գովազդից եւ ապրանքանիշից եկամուտները, որոնք ներառում են մրցարշավային «Ֆորմուլա-1» թիմի եկամուտները, անցյալ տարի աճել են 11%-ով՝ հասնելով 479 միլիոն եվրոյի: