Իրանն անհրաժեշտ ամեն ինչ կանի Սիրիայում երկրաշարժի հետեւանքները նվազեցնելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Mehr-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնած է լինելու սիրիացի ժողովրդի կողքին եւ իր ցավակցությունն է հայտնել՝ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին եւ երկրաշարժի հետեւանքով կորուստներ կրած մարդկանց:

Ռայիսիի խոսքով՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները եւ հումանիտար սկզբունքները, Իրանը կանի ամեն ինչ աղետի հետեւանքները նվազեցնելու համար:

Նա նաեւ խոստացել է, որ Իրանը կաջակցի Սիրիայի կառավարության մշտական ջանքերին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երախտագիտությունն է հայտնել Իրանի կառավարությանը եւ ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու, ինչպես նաեւ սիրիական կառավարությանը շարունակական փրկարարական գործողություններում օգնելու համար: