Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։ Այս մասին «Արցախպրեսսի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։

«Մենք Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում ենք որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։

Այսօրվա շրջափակումը 2020 թվականին, Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ու վարձկանների ուղիղ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում օկուպացվել են Արցախի ընդարձակ տարածքներ, այդ թվում՝ Շուշի քաղաքը և Հադրութի շրջանը։ Շուրջ 38 հազար մարդ զրկվել է իր տնից և դարձել փախստական կամ հարկադիր տեղահանված։ Արցախի 150 հազար բնակչից ավելի քան 90 հազարը, փորձելով փրկվել պատերազմի արհավիրքներից, ստիպված է եղել ապաստանել Հայաստանում։ Սակայն զինադադարի հաստատումից հետո Արցախի բնակիչների մեծ մասը վերադարձել է հայրենիք։ 2020 թվականի ագրեսիայի ժամանակ չկարողանալով հասնել իր բոլոր նպատակներին՝ Ադրբեջանը իր հանցավոր ծրագրերն իրականացնելու համար դիմեց այլ միջոցների։ Այս քաղաքականության վերջնանպատակն է ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի ժողովրդի վտարման և որպես այդպիսին՝ ոչնչացման միջոցով։ Ադրբեջանն առաջնորդվում է «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով»,- ասել է նա։

Նախարարը ողջունել է միջազգային հանրության հայտարարությունները Լաչինի միջանցքի շուտափույթ բացման և ամբողջ Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս համատեքստում նա կարեւորել է ոչ թե հատվածական, այլ համապարփակ մոտեցման դրսեւորումը Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ։

«Արցախի շրջափակումը ոչ միայն մարդասիրական, այլ նաև նրա ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների ոտնահարման խնդիր է։ Միջազգային հանրությունը պետք է շրջափակումը դիտարկի նաև ոչ թե որպես մեկուսացված գործողություն, այլ որպես Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող լայնածավալ և համակարգված հարձակումների և արցախահայության իրավունքների ոտնահարման հերթական դրվագ։ Շրջափակման միջոցով Ադրբեջանը Արցախի ժողովրդի համար դիտավորյալ ստեղծում է այնպիսի կենսապայմաններ, որոնք միտված են նրա վտարմանը պատմական հայրենիքից։ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Արցախը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները շրջափակման միջոցով իրականացնում են Արցախի էթնիկ զտման իրենց քաղաքականությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը համակողմանի իրավական մոտեցում դրսևորել Արցախի և նրա ժողովրդի իրավունքների հարցում և, համաձայն իրենց իսկ ստանձնած՝ զանգվածային վայրագությունները կանխելու միջազգային պարտավորությունների, անհապաղ ակտիվացնել ցեղասպանությունների վաղաժամ կանխարգելման գործող մեխանիզմները»,- ասել է նա։