Երեքշաբթի օրը Գերմանիայում դատարանը մերժել է բնապահպան ակտիվիստների հայցը, որով ուզում են ստիպել BMW ավտոարտադրողին դադարեցնել ներքին այրման շարժիչով մեքենաների վաճառքը մինչեւ 2030 թվականը, հաղորդում է AP-ն:

Environmental Action Germany խումբը, որը նաեւ հայտնի է որպես DUH, պնդում է, որ այնպիսի արտադրողներ, ինչպիսին BMW-ն է, վտանգ են ներկայացնում մարդկանց սեփականության առողջության եւ կյանքի իրավունքի համար, եթե նրանք շարունակեն արտադրել ջերմոցային գազեր արտանետող մեքենաներ:

Մյունխենի շրջանային դատարանը երեքշաբթի օրը որոշում է կայացրել, որ թեեւ հայցվորների փաստարկներն ի սկզբանե չեն կարող մերժվել, սակայն «ներկայումս նրանց իրավունքների անօրինական ոտնահարման սպառնալիք չկա»:

Դատավորները նշել են, որ գերմանացի եւ եվրոպացի օրենսդիրները, մասամբ ոգեշնչված են 2021 թվականին Գերմանիայի բարձրագույն դատարանի որոշմամբ, բազմաթիվ քայլեր են ձեռնարկել 2015 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագրի նպատակներին հասնելու համար: Այսպիսով, օրենքների պակաս չկա, որոնք կհիմնավորեն BMW-ի դեմ քաղաքացիական հայցը»,- ասել են նրանք:

Միեւնույն ժամանակ, DUH-ում հայտարարել են, որ իրենք գոհ են, որ դատարանը սկզբունքորեն ճանաչել է իրենց հայցի ընդունելիությունը: Կազմակերպությունը նախատեսում է բողոքարկել այդ որոշումը։

Նա ասել է, որ BMW-ի վաճառած մեքենաները 2021 թվականին մոլորակը տաքացնող ավելի շատ ածխաթթու գազ են արտանետել, քան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան կամ Պորտուգալիան մեկ տարվա ընթացքում:

Mercedes-Benz-ի դեմ նմանատիպ հայցը գերմանական դատարանը մերժել էր անցյալ տարի, եւ բողոքարկումն ընթացքի մեջ է:

Երրորդ դատական հայցը` ընդդեմ Wintershall Dea էներգետիկ ընկերության, նախատեսվում է քննել օգոստոսին: