Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին բարձր է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը տարբեր ոլորտներում, հաղորդում է Tasnim-ը:

Շամհանին ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսության հինգերորդ նստաշրջանին, որը նվիրված է Աֆղանստանում տիրող իրավիճակին:

Ժամանելուն պես ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ նա հայտնել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, պաշտպանությունը, անվտանգությունը, գիտական եւ առեւտրային կապերը, արմատապես զարգանում են։

Շամհանին հայտարարել է, որ տարբեր ոլորտներում կապերի կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել եւ իրականացնել երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը, որը մշակվել է երկու երկրների ղեկավարների կողմից:

Ինչ վերաբերում է Աֆղանստանի հարցով Մոսկովյան ձեւաչափով խորհրդակցություններին, նա ասել է, որ հանդիպմանը քննարկվելու են Աֆղանստանում քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտի իրադարձությունները:

Աֆղանստանի խնդիրները բխում են օկուպանտների անարդյունավետությունից եւ բռնազավթմանը հաջորդած իրադարձություններից, հավելել է նա՝ նախազգուշացնելով, որ Աֆղանստանը կարող է դառնալ տարածաշրջանային կրիտիկական կետ:

2017-ին մեկնարկած Աֆղանստանի հարցով մոսկովյան ձեւաչափով խորհրդատվությունները տարածաշրջանային հարթակ են՝ Ռուսաստանի, Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Պակիստանի հատուկ դեսպանորդների մասնակցությամբ: Նրա մանդատը միջազգային աջակցություն ունեցող այն ժամանակվա Քաբուլի կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ քաղաքական հաշտեցմանը նպաստելն է, խաղաղության հաստատումը եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումը։