Երեքշաբթի օրը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու պահանջով նոտա է փոխանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին։

«Այս տարվա փետրվարի 7-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը պաշտոնական նոտա է փոխանցվել՝ դիվանագիտական առաքելության կարգավիճակին անհամատեղելի գործողությունները դադարեցնելու պահանջով, որոնք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտություն են նշանակում»,- նշել է գործակալության զրուցակիցը։

«ՌԴ ԱԳՆ-ը հայտարարում է, որ չնայած 2022 թվականի դեկտեմբերի 9-ի նոտայում պարունակվող բազմաթիվ նախազգուշացումներին, ամերիկյան դիվանագիտական առաքելությունը շարունակում է չարամիտ գործունեությունը տեղեկատվական տարածքում՝ իրեն թույլ տալով անպատշաճ հայտարարություններ ընդունող երկրի ղեկավարության վերաբերյալ, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մասին ֆեյքերի տարածում, ինչը քրեորեն պատժելի արարք է»,- ընդգծել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ «ամերիկացի դիվանագետներին նախազգուշացվել է, որ անընդունելի են դիվերսիոն աշխատանքի իրականացման, «ազդեցության գործակալների» հավաքագրման փորձերը՝ ռուսական հասարակության մեջ տարաձայնություններ սերմանելու, հակապետական ելույթներ հրահրելու նպատակով»։ «Սրա մեջ ներգրավված աշխատակիցները կհեռացվեն՝ անկախ զբաղեցրած պաշտոնից»,- ասել է նա։

«Այս կապակցությամբ Մոսկվայում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին, որը հունվարի 30-ին ընդունվել էր ԱԳՆ-ում՝ իր հավատարմագրերի պատճենները հանձնելու համար, խիստ զգուշացում է ստացել, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ռուսական օրենքները եւ դադարեցնել այն գործողությունները, որոնք հակասում են Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պահանջներին ու դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը:

«Ռուսաստանը մտադիր է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները ԱՄՆ դեսպանատան կեղծիքները չեզոքացնելու համար,- ասել է նա,- Ռուսական կողմը մտադիր չէ համակերպվել ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսներով բազմացվող մերկապարանոց հակառուսական քարոզչության հետ, եւ մտադիր է բոլոր հասանելի միջոցներն օգտագործել այն չեզոքացնելու համար»,- եզրափակել է նա։