Վրաստանի կառավարության շենքի դիմաց հաջակցություն Սաակաշվիլու ակցիա է տեղի ունեցել։ Այն կազմակերպել է «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը, հաղորդում է «Sputnik-Грузия»-ն։

Ակցիան ծրագրվել է երեկ այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է առողջական վիճակի պատճառով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն ազատ արձակելը կամ պատիժը հետաձգելը։

Դատարանի որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց «Ազգային շարժման» առաջնորդ Լեւան Խաբեիշվիլին արտակարգ դրություն է հայտարարել կուսակցությունում եւ հայտարարել, որ այսուհետ ակցիաները կանցկացվեն ամեն օր:

«Սաակաշվիլին դատապարտվել է մահվան Վրաստանում։ Իվանիշվիլին (իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը-խմբ.) որոշել է մեր ու մեր երեխաների համար դժոխք կազմակերպել։ Դրա պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ նա, ով սուր է վերցրել, ինքն էլ կսպանվի սրով, նա, ով որոշել է երկրի ապագան այրել դժոխքում, ինքն էլ կայրվի դժոխքում»,-ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուլուլավան։

Կառավարության շենքի դիմաց մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Ակցիայի մասնակիցները եկել էին «Ազատություն Միշային», «Միավորվենք Միշայի համար» եւ այլ գրություններով պաստառներով: Տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը:

Ինչպես հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն, ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլին բուժման չի ուղարկվել արտասահման: