Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով կալանավորված զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Աղեկյանի պաշտպան Ժորա Համբարձումյանը։

Պաշտպանական կողմը Գոռ Աղեկյանին վստահված պարտականնությունների անփույթ կատարման կամ չկատարման եւ դեպքի միջեւ պատճառահետեւանքային կապ չի տեսնում։ Հստակեցման կարիք են տեսնում։

«Նախաքննական մարմինը շատ ընդհանրական ձեւակերպումներ է արել եւ կոնկրետ չի նշել, թե որտեղ է թերացել Աղեկյանը։ Մեղադրանքը որոշակիացված չէ, չի նշվում, թե կոնկրետ ո՞ր կանոնը չի  պահպանվել Գոռ Աղեկյանը կամ ինչ անփութություն է թույլ տվել։ Այս ամենը չի պարզել նախաքննական մարմինը, եւ չի պարզել նաեւ, թե կանոնագրքով նման պարտականություններ դրվա՞ծ է Աղեկյանի վրա, թե՝ ոչ։ Եվ, ի վերջո, այս ամենի անմիջական պատասխանատուն հանդիսանո՞ւմ է Գոռ Աղեկյանը, թե՝ ոչ»,- ասաց Համբարձումյանը։

Պաշտպանի խոսքով՝ հիմնական շեշտը դրված է կրակմարիչների բացակայության վրա։ Չբացահայտելով նախաքննության մանրամասները՝ նա նշում է, որ ձեռք են բերվել օբյեկտիվ տվյալներ, որոնք ապացուցում են կրակմարիչների առկայությունը։

«Զարմանալի է, թե ինչու այդ օբյեկտիվ տվյալները վարույթն իրականցնող մարմինը հաշվի չի առել, ինչո՞ւ է այդ օբեյկտիվ տվալների նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը կողմնակալ մոտեցում ցուցաբերել եւ առավելություն տվել այն տվյալներին, որոնցով իբրեւ թե կրակմարիչներ տեղադրված չեն եղել։ Այլ անձի անփույթ գործողության հետեւանքով  չի կարող թիկունքի պետը պատասխանատվություն կրել, անգամ ենթադրենք՝ օրենքով ընդհանրական կանոնները դրված են իր վրա»,- նշեց Ժորա Համբարձումյանը։

Պաշտպանը շեշտում է՝ եթե նույնիսկ լինեին հրդեհային անվտանգության կանոնները, որոնք, ըստ մեղադրանքի, պետք է ապահովեր Աղեկյանը, կարեւոր է հարց է առաջ գալիս՝ հնարավո՞ր կլիներ կանխել հրդեհը կամ գոնե ունենալ հրդեհ ոչ նույն ողբերգական պատկերով, եթե հաշվի առնենք կացարանի պայմանները։

«Ի սկզբանե, կացարանն ինքնին պետք է պայմաններ ունենար, բայց մենք գիտենք, որ երկրորդ մուտք չի եղել, ճաղավանդակներ են եղել, հատակը եւ առաստաղը եղել են փայտից։ Օբյեկտիվորեն, այդ դեպքում անգամ պայմանների պահպանման դեպքում հրդեհը չէր կասեցվի։ Մեկ հանգամանք էլ, որ այս պահի դրությամբ կա՝ այլ անձի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել բուն հրդեհը։ Անգամ, եթե վերադասի մասին է խոսքը, պետք է հասկանալ, որ ինքը չէր կարող ամեն պահի լինել կացարանում եւ պատասխանատվություն կրել ամեն տեսակի անփույթ գործողության համար»,- ընդգծեց պաշտպանը։

Ժորա Համբարձումյանի խոսքով՝ Գոռ Աղեկյանը նորմալ հարաբերություններ է ունեցել զինծառայողների հետ, խնդիրներ չեն եղել։ Աղեկյանը տեղեկություն չունի՝ զոհված զինծառայողների եւ որեւէ սպայի միջեւ լարված հարաբերությունների մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) որը կցվել է մայր վարույթին։

Նախաձեռնված վարույթի շրջանակում օրեր անց ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Նա մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը։

Քրեական հետապնդում է հարուցվել վառարանը բենզինով վառել փորձող կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):