Ամերիկյան BUNGE ագրոարդյունաբերական ընկերությունն ավարտել է Ռուսաստանում իր բիզնեսի վաճառքի գործարքը։ Այս մասին հայտնում է BUNGE-ի դուստր ձեռնարկություն «Бунге СНГ»-ն։

Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 3-ից (գործարքի փակման ամսաթիվը) «Бунге СНГ» ՍՊԸ-ն շարունակել է բուսական յուղերի արտադրությունն ու վաճառքը Վորոնեժի շրջանի ձեթ արտադրող գործարանում՝ արդեն նոր սեփականատիրոջ ղեկավարությամբ։

Առաջիկայում ընկերության անվանումը կփոխվի, իսկ անվանափոխության մասին տեղեկությունը կտեղադրվի կայքում։

Ավելի վաղ BUNGE-ն հայտարարել էր, որ Վորոնեժի մարզում գտնվող իր գործարանը ձեռք է բերել գործարար Կարեն Վանեցյանը, որը Exoil Group-ի վերահսկող բաժնետերն է։ «Ինտերֆաքսը», հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել է, որ Bunge-ի ռուսական բիզնեսի գնումը Վանեցյանի անձնական ներդրումն է։

Կարեն Վանեցյանը Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եղբայրն է։