Մենք խնդրահարույց զորամասեր ունենք, այսօր էլ այդ մասին խոսվեց եւ ընդդիմությունն ընդունեց, որ այդ զորամասերում կան խնդիրներ եւ դրանք պետք է միասնաբար լուծել: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագողների հետ զրույցումա ասել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ ընդդիմության նշած բացթողումներն իրենց համար նորություն չէին, սակայն իրենք նաեւ ներկայացրել են կատարված աշխատանքի մասին:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքին, Քոչարյանն ասաց, որ ինքը Սեյրան Օհանյանի աշխատանքի տարբեր փուլերի հանդեպ լավ վերաբերմունք ունի, ինչի պատճառով էլ այսօր էլույթ չի ունեցել, սակայն, եթե կան բացեր, չեն կարող այդ մասին չխոսել:

«Բացթողումները նոր չի, կամ Սեյրան Օհանյանի օրոք չի, որ միայն եղել են, միշտ էլ եղել են, բայց ուրիշ բան  թե այդ բացթողումները ինչ հետք թողեցին նաեւ այսօր մեր պարտությունների վրա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք այդ զորանոցը ազդել է պարտության վրա, Քոչարյանն ասաց, որ այստեղ խնդիրը զերանոցի օտարմանն է վերաբերում. «Վերջին հաշվով այդ զորանոցը չի օգտագործվել, որովհետեւ դրա կարիքը չի եղել, բայց դա չի նշանակում, որ չօտարվող զորամասը ինչ-որ մեկը իրավունք ունի ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով դարձնի օտարման նյութ եւ բանկից ստանա լրացուցիչ հավելյալ գումարներ»:

Քոչարյանը հավելեց, որ այսօր ընդդիմության հետ անցկացրած փակ քննարկումը կառուցողական էր եւ ինքն ակնկալում է, որ գոնե իրենց հանձնաժողովում անելիքների հետ կապված միասնական հանդես գան: