Ամերիկյան խոշոր The Arena Group հրատարակչությունը, որը շատ հայտնի ամսագրերի, այդ թվում Sports Illustrated-ի, Parade-ի եւ Men's Journal-ի սեփականատերն է, հայտարարել է իր հրապարակումների համար բովանդակություն պատրաստելիս արհեստական բանականության կիրառման մեկնարկի մասին: Ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվում են քիչ հայտնի Jasper եւ Nota ընկերությունները։ Նոր արհեստական բանականությունը կաշխատի լրագրողների հետ համատեղ եւ, ըստ հրատարակության ներկայացուցիչների հավաստիացումների, նախատեսված չէ նրանց աշխատանքին փոխարինելու համար։

Ինչպես պարզաբանել է The Arena Group-ի գլխավոր տնօրեն Ռոս Լեւինսոնը, նրանք մտադիր են արհեստական բանականության տեխնոլոգիաներն օգտագործել իրենց հարթակի հնարավորություններն ընդլայնելու համար։ Արհեստական բանականության գործիքները կօգնեն տեղեկատվության մշակման հարցում, ինչը թույլ կտա օպտիմալացնել նոր նյութերի պատրաստման գործընթացները։ Այս քայլը, ինչպես ծրագրել է ընկերությունը, հաճախորդների ներգրավման նոր ուղիներ կբացի:

Փորձնական նախագծում The Arena Group-ի խմբագիրներն արդեն օգտագործել են AI տեխնոլոգիա՝ նորությունների օրակարգը վերլուծելու, ամենաարդիական թեմաներն արագ ընտրելու եւ արխիվներից հարակից նյութեր հավաքելու համար: Տեղեկատվության մշակման ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել մարդկանց բեռը եւ արագացնել նոր հրապարակումների ստեղծումը: Սակայն վերջին խոսքը, միեւնույն է, մնում է մարդուն՝ մեքենան դեռեւս չի կարողանում ամբողջությամբ փոխարինել լրագրողի եւ խմբագրի աշխատանքը։