«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆի հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները, հաղորդում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը։

«Այսօր աշխատանքային հանդիպում է կայացել «Գազպրոմ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովշան Նաջաֆի միջեւ։ Կողմերը քննարկել են ընկերությունների միջեւ փոխգործակցության ընթացքը, ինչպես նաեւ համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անցյալ տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ ռուսական ընկերությունը Ադրբեջան գազի մատակարարումները SOCAR-ի հետ նոր պայմանագրով է սկսել, եւ որ մատակարարումների ծավալը մինչեւ 2023 թվականի մարտ ժամանակահատվածում կկազմի մինչեւ 1 միլիարդ խորանարդ մետր, հայտնում է «Փրայմը»։

«Գազպրոմը» 2000-2006 թվականներին գազ է մատակարարել Ադրբեջանին, սակայն հետո երկիրը սկսել է ավելացնել գազի արդյունահանումը «Շահ Դենիզ» հանքավայրից՝ Վրաստան եւ Թուրքիա արտահանելու համար: 2017-2018 թվականներին մատակարարումները վերսկսվել են։ 2019 թվականից՝ «Շահ Դենիզ»-ի գործարկման երկրորդ փուլից հետո Ադրբեջանը կրկին հրաժարվել է գազ գնել Ռուսաստանից։

SOCAR-ը Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունն է։ Նրա գործունեությունը ներառում է նավթի, բնական գազի եւ գազի կոնդենսատի հետախուզում, արդյունահանում, վերամշակում, փոխադրում եւ իրացում: