ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Կոնգրեսում ելույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել։ Ինչպես տեղեկացրել է Fox News-ը, հանրապետական շատ օրենսդիրներ նրան կշտամբել են ստի մեջ, թե, իբր, հանրապետականները ցանկանում են կրճատել ծերերի սոցիալական ապահովման եւ բժշկական օգնության Medicare ծրագրերը։

Բայդենը Հանրապետական կուսակցությանը մեղադրել էր նաեւ այն բանում, թե հանրապետականները ցանկանում են տնտեսությունը «պատանդ վերցնել»։ «Իմ բարեկամ հանրապետականներից ոմանք ցանկանում են տնտեսությունը պատանդ վերցնել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա հայտարարություններն ընդունվել են բարձր գոչյուններով, պատգամավորները թափահարել են ձեռքերը եւ գլուխները, գրել է Fox News-ը։ Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը Ջորջիա նահանգից Բայդենի ելույթի ժամանակ, ի նշան նրա հետ անհամաձայնության, ներքեւ պարզած բութ մատ է ցույց տվել։