ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուկրաինացիներին հավաստիացրել է, որ Ամերիկան կաջակցի իրենց երկրին «այնքան, որքան պահանջվի»՝ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում, եւ այլ ավտոկրատիաներին նախազգուշացրել է, որ Ամերիկայի դեմ հաշվարկը վատ հաշվարկ է, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի ներկայությամբ նախագահը նրան եւ ամերիկացի ժողովրդին ասել է. «Դեսպա՛ն, Ամերիկան միասնական է ձեր երկրին աջակցություն ցուցաբերելու հարցում։ Մենք ձեզ հետ կլինենք այնքան, որքան պահանջվի»։

«Մեր ուժը պարզապես մեր հզորության օրինակի մեջ չէ, այլ մեր օրինակի հզորության։ Եկեք հիշենք այն մասին, որ աշխարհը հետեւում է»,- ասել է Բայդենը Կոնգրեսին «Երկրի իրավիճակի մասին» իր զեկույցում։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաժան պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Բայդենն այն անվանել է «մահաշունչ հարձակում, որը մահվան եւ ավերածությունների հուշեր է արթնացնում, որոնց ենթարկվել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»։

«Պուտինի ներխուժումը փորձություն է բոլոր ժամանակների համար,- շարունակել է նա։- Փորձություն Ամերիկայի համար։ Փորձություն աշխարհի համար»։

«Արդյո՞ք մենք կպաշտպանենք ամենահիմնարար սկզբունքները։ Արդյո՞ք կպաշտպանենք ինքնիշխանությունը։ Արդյո՞ք կպաշտպանենք բռնապետությունից մարդկանց ազատ ապրելու իրավունքը։ Արդյո՞ք կպաշտպանենք դեմոկրատիան»,- հարց է տվել Բայդենը։

Նա ասել է, որ այդ պաշտպանությունը կարեւոր է, որովհետեւ պաշտպանում է խաղաղությունը եւ թույլ չի տալիս պոտենցիալ ագրեսորներին սպառնալ ԱՄՆ անվտանգությանն ու բարգավաճմանը։

«Մեկ տարի անց մենք գիտենք պատասխանը,- շարունակել է նախագահը։- Այո, մենք կպաշտպանենք։ Եվ, այո, մենք այդպես ենք արել։ Մենք միասին արել ենք այն, ինչ Ամերիկան միշտ անում է բոլորից լավ։ Մենք առաջնորդել ենք եւ տարել մեր հետեւից»։

«Մենք միավորել ենք ՆԱՏՕ-ն եւ ստեղծել գլոբալ կոալիցիա,- շարունակել է Բայդենը։- Մենք դեմ ենք հանդես եկել պուտինյան ագրեսիային։ Մենք աջակցել ենք ուկրաինացի ժողովրդին»։