Երեւան-Գյումրի ճանապարհը երթեւեկելի է, բայց ճանապարհի Մաստարա–Լանջիկ հատվածը դժվարանցանելի է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւան-Գյումրի ճանապարհի 63-66 կմ հատվածում մերկասառույցի պատճառով խցանում է առաջացել.  300-ից ավելի մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, խցանման մեջ էին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ճանապարհի այդ հատվածը սահադաշտի նման է, քաղաքացիները սայթաքում ու վայր են ընկնում։

Թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ճանապարհը մաքրելու ուղղությամբ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից NEWS.am–ին հայտնեցին, որ նշված հատվածում վթարի հետեւանքով է խցանում առաջացել, ինչն էլ դժվարացրել է ճանապարհը սպասարկող տեխնիկայի մոտեցումը տվյալ վայր, այդուհանդերձ, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությունները կատարում են ճանապարհի մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները։

«Վերջին օրերին Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, որոնք ուղեկցվել են ցածր ջերմաստիճանով, քամիներով, ցածր տեսանելիությամբ եւ ձնաբքերով, ինչը դժվարացնում է ճանապարհների ձմեռային սպասարկումը։

Նշված հատվածում խցանում առաջացել է վթարի հետեւանքով։ Նույնիսկ եղանակային այս պայմաններում կան վարորդներ, որոնք երթեւեկում են ամառային անվադողերով, գերազանցում են արագությունը, չեն պահպանում ճանապարհային երթեւեկության կանոնները։ Վթարի պատճառով առաջացած խցանումը դժվարացրել է ճանապարհը սպասարկող տեխնիկայի մոտեցումը տվյալ վայր։ Այժմ Երեւան-Գյումրի ավտոճանապարհը բաց է, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությունները կատարել եւ կատարում են ճանապարհի մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ հորդորում ենք վարորդներին երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով եւ խստագույնս հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին»,– փոխանցում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։