Այս պահի դրությամբ դեռևս  հայտնի չէ զինծառայողների մահվան բուն պատճառը, այսինքն դեռեւս չկան երեխաների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Մենք զոհվածների ծնողների հետ պայմանավորվել ենք, որ իրականացնելու ենք, պատկերավոր ասած, մեր սեփական հետաքննությունը: Փետրվարի 10-ից սկսվելու է տուժողների հարցաքննությունները: Այսօր կամ վաղը ես գրավոր դիմում եմ ներկայացնելու պաշտպանության նախարարին եւ զինդատախազին՝ պահանջելով հանդիպում տուժողների հետ, որպեսզի ներկայացնեն հաշվետվություններ ու պարզաբանումներ»,-ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ։

Ներկայացնելով դեպքի վերաբերյալ տուժողների ու իր ընդհանրական կարծիքը՝ փաստաբանը նշեց. «Այս ողբերգությունն իմ համոզմամբ, ԶՈՒ-ում կադրային սխալ քաղաքականության, հայեցակարգային զարգացման եւ ռազմավարական մտախծողության բացակայության, ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարման, արժեհամակարգային ճգնաժամի , ոչ ֆորմալ ինստիտուտների  գոյության, ոչ կանոնադարական հարաբերությունների առկայության, պատասխանատվության, սրտացավության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, ինչպես նաեւ անպատժելիության, խտրականության, սոցիալական արդարության եւ, վերջին հաշվով, անտերության հետեւանք է:

Այս ողբերգությունը պետք է դառնա մեր հասարակության համար վերջին կաթիլը, եւ մեր հասարակությունն այսուհետ պետք է ամեն ինչ անի ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում որեւէ զոհի գոյությունը բացառելու համար: Մեր բանակը պետք է դադարի լինել մահվան բանակ, մահվան այս շքերթը  բանակում պետք է դադարեցնել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։