Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին, ունեն մտահոգություն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կամ արդեն կենդանի չեն եղել, կամ առնվազն անգիտակից են եղել: Իսկ հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշդրությունը հրդեհի միջոցով  շեղելու նպատակ է հետապնդում:

Ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահում պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսեւորած հրապարակային հակասական, ոչ պրոֆեսիոնալ ու հակաօրինական վարքագիծը, դվել են այդ հիմքերը»,-ասաց փաստաբանը:

Նա հավելեց, որ դեպքից հետո կառավարության նիստից տպավորություն է ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի է ունենում դատավարություն, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս մեղադրողի ու դատավորի դիրքերից, ներկայացնում՝ ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխան տան՝ ներկայացնելով ինչ-որ վարկած:

«ՀՀ վարչապետը անկախ անձից, որեւէ իրավասություն չունի որեւէ քրեական վարույթի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնելու, որեւէ տեղեկություն կամ վարկած շրջանառության մեջ դնելու, բացատրություններ  ներկայացնելու կամ զեկույցներ ստանալու:

Գլխավոր դատախազի իրավասությունների մեջ չկա որեւէ դրույթ, որ նա պարտավոր է կամ կարող է զեկույցներ ներկայացնել որեւէ քրեական վարույթի վերաբերյալ ՀՀ վարչապետին»,-ասց Նոերիկյանը կո անելով գլխավոր դատախազին եւ ՔԿ նախագահին որեւէ ձեւով զեկույցներ, հաշվետվություններ չներկայացնել կառավարությանն ու վարչապետին, քանի որ դա Սահմանադրության խախտում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։