ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը «կանաչ լույս» է վառել Հունաստանին հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառելու առջեւ, այժմ պաշտպանական գործարքի վավերացումը ժամանակի հարց է։ Այս մասին տեղեկացրել է ERT հանրային հեռուստատեսությունը։

Մենենդեսը Վաշինգտոնում, Դելփյան տնտեսական համաժողովում տեղեկացրել է, որ երկու օր առաջ հավանություն է տվել Հունաստան F-35 կործանիչներ մատակարարելուն, որովհետեւ այդ երկիրը կողմնակից է ամերիկյան արժեքներին։ Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի համաձայնությունը ամերիկյան սպառազինությունների համակարգերի վաճառքի հարցում պարտադիր պայման է, նա վետոյի իրավունք ունի։

«Ընթացակարգի համաձայն՝ իր համաձայնությունը պետք է տա նաեւ կոմիտեի հանրապետական փոխնախագահ Ջիմ Ռիզը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի համապատասխան կոմիտեի նախագահն ու փոխնախագահը (Մայքլ Մակքոլը, Գրեգորի Միքսը)։ Երբ այդ համաձայնությունն ստացվի, ինչը ժամանակի հարց է, ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես կտեղեկացնի Կոնգրեսին Հունաստանին F-35-ներ վաճառելու մասին, եւ հետո կկայանա պաշտպանական գործարքի վավերացման սահմանված ընթացակարգը»,- նշվել է հաղորդագրությունում։