Ռուսաստանը շատ լավ բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը haqqin.az-ին տված հարցազրույցում։ 

«Մեր շահերն այստեղ համընկնում են։ Նրա խոսքով՝ առանձնակի կարեւորություն ունեն համատեղ տնտեսական նախագծերը, առեւտրի զարգացումը։ Սա բոլորին մերձեցնող գործոն է»,-նկատել է դեսպանը՝ փաստելով, որ տարածաշրջանում կան որոշակի տարաձայնություններ, բայց տնտեսական շահերի ընդհանրության գիտակցումը պետք է գերակշռի։

«Համենայնդեպս, Ռուսաստանն աշխատում է այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է 3+3 ձեւաչափին, մենք ակտիվորեն առաջ ենք տանում այդ ձեւաչափը՝ տարածաշրջանային խորհրդատվական հարթակը։ Առաջին նիստը տեղի է ունեցել։ Մենք կողմ ենք, որ ձեւաչափը հետագայում եւս աշխատի։ Կան նաեւ այլ ձեւաչափեր»,-ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը առաջ է մղում տնտեսական կապերի ապաշրջափակումը, ինչի մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն կա 2020, 2021 եւ 2022 թվականների հայտարարություններում: