Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը պետք է կարգավորվի մարդասիրական չափանիշներին համապատասխան։ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանը։

Խորվաթ նախարարը մատնանշեց Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ամենաբարձր մակարդակով ԵՄ-ի գործադրած ջանքները։

«Այնուամենայնիվ, համատեղ ուժեր են հարկավոր լարվածության դեէսկալացիայի համար։ Հավատում եմ եւ հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն ջանքները բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։ Երկխոսությունը կարեւոր է ամենուր», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ԵՄ նոր առաքելությունը կարող է նպաստել խաղաղության ամրապնդմանը։ «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա կկրկնեմ ԵՄ դիրքորոշումը՝ հույս ունենք, որ հարցը կլուծվի միջազգային մարդասիրական չափանիշներին համապատասխան»,- ասաց նախարարը։