Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի դեպքից մեկ  օր անց ԱԻՆ գնդապետ Արսեն Սարոյանը հայտարարել է, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել են 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած, մինչեւ փրկարարների հասնելը 6 հոգի դուրս են եկել այրվող շինությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Համադրելով արված հայտարարությունները, տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով տեղանքի վայրում, ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դասավորությունը, պտուհանները, ես փետրվարի 2-ին հարցազրույցում կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը: Ես ընդգծել եմ, որ հրդեհից առաջ երեխաները կամ եղել են անգիտակից, կամ կենդանի չեն եղել, քանի որ եղել են մահճակալների վրա պառկած: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին այդտեղից դուրս գալու միջոցներ չձեռնարկել, կամ ինչու ճաղավանդակներից դուրս եկած զինվորները չեն արթնացրել մյուսներին»,-ասաց նա:

Փաստաբանը նկատեց, որ դրանից երկու օր հետո, իսկ դեպքից 17 օր անց, փետրվարի 5-ին, զինդատախազության պաշտոնյան հայտարարել է, որ 15 զոհվածներից 14-ի դիերը հայտնաբերվել են ոչ թե մահճակալների վրա, այլ ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկի դին՝ նախասրահում. «Այսինքն դեպքից 17 օր անց միայն դատախազությունը տրամագծորեն տարբերվող ու հակասող տեղեկություն է դնում շրջանառության մեջ, ինչը մեծացնում է տուժողների մոտ թերահավատությունն անվստահությունը: Եթե նույն օրը գիտեիք, թե զինվորների դիերը որտեղ են եղել, ապա ինչու է գնդապեը նման տեղեկատվություն հաղորդում և ինչու միանգամից չեք շտկել կամ հերքել գնդապետի ասածը։ Ստացվում է, որ հանրությանը հաղորդվում է խեղաթյուրված տեղեկատվություն:

Այսպիսի հակասական տեղեկությունների տարածումը կարող է հետապնդել մի քանի նպատակ՝ ստեղծել շիլաշփոթ, պարտադրել արհեստականորեն ձեւավորված  ւ առաջ քաշված պաշտոնական վարկածը, հանրության մոտ առաջացնել  հերթական հիասթափությունն ու անտարբերության զգացողության հաստատումը»,-ընդգծեց Նորայր Նորիկյանը:

Նա հայտարարեց, որ զոհված զինվորների ծնողները չեն բացառում որեւէ այլ վարկած, այդ թվում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը. «Չեն բացառում նաեւ, որ հրդեհն արվել է ինչ-որ հետքեր թաքցնելու եւ այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հասարակության ուշադրությունը շեղելը հանցագործության իրական հետքից»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Այս դեպքի առնչությամբ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է. «19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ  2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է  վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։

Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։

Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։

Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։

Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի  ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո»։