Այո, տասնյակ  անգամ ասել ենք, որ չենք կարողացել, չենք հաջողել եւ դա նաև ընդդիմության ոչ կազմակերպված, ոչ համախմբված  աշխատանքի արդյունքն է, բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է մնա այս վիճակում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Աղվան Վարդանյանը:

«Այստեղ քննադատել միայն «Հայաստան» դաշինքին կամ երկու ընդդիմադիր խմբակցություններին, արդար չէ: Տեսեք, 90 օր է ընդդիմությունը փողոցում չէ, խոսում էին նոր առաջնորդության մասին, նոր ընդդիմության մասին, խորհրդարանական ընդդիմության ձախողվածության մասին, խոսում էին, որ եթե նրանք չլինեն, մենք կգանք: Ո՞ւր են, համեցեք, դաշտը ազատ է, մենք էլ ձեր կողքին կլինենք: Ինչու այդ քննադատողներն իրենց քայլը չեն անում, ինչու նոր առաջնորդներ չեն հայտնվում»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը վստահ է՝ 44-օրյա պատերազմից հետո ջարդվածքը հայ ազգը կկարողանա հաղթահարել ու Հայաստանը կդառնա ինքնուրույն պետություն: