Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով՝ պատժիչ միջոցներն ուղղված են այն անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնց վրա հենվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զինվորականները, եւ կոչված են արագացնելու Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը, խարխլելու նրա ռազմական մեքենան եւ օգնել Ուկրաինային հաղթել։

Խոսքը ռազմական արտադրանք թողարկող վեց ընկերությունների, մեկ կազմակերպության եւ Ռուսաստանի Դաշնության ութ քաղաքացիների մասին է, նշվում է բրիտանական կառավարության կայքում։

Մասնավորապես, պատժամիջոցները կանդրադառնան Պուտինի համակուրսեցի եւ մոտ ընկեր ռուս ձեռնարկատեր Նիկոլայ Եգորովի, «Օզերո» կոոպերատիվի համահիմնադիր Վիկտորչ Մյաչինի վրա, որին պուտինյան ռեժիմի ֆինանսական բազայի ստեղծման մասնակից են համարում, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի, որին պատկանում է «Աբրաու-Դյուրսո» ընկերությունների խումբը, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սերգեյ Ռուդնովի եւ «Ռոսիա» բանկի բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխի վրա, որին անկախ լրատվամիջոցներում անվանում են ՌԴ նախագահի նախկին սիրուհի։