ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի ենթադրյալ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2023թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները մեկնել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է նույն քաղաքի վերոնշյալ բնակչի դին։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված դիահերձմամբ անձի մարմնի տարբեր հատվածների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ-հեմոռագիկ շոկը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2023թ. փետրվարի 5-ին 65-ամյա տղամարդը խանութում օղի է խնդրել և մերժում ստանալով՝ խանութում սկսել է հայհոյանքներ հնչեցնել: Խանութի աշխատակցուհու որդին, ներս մտնելով և լսելով հայհոյանքները, սկսել է հարվածներ հասցնել 65-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին: Այնուհետև խանութի աշխատակցուհին և ամուսինը տղամարդուն տեղափոխել են իրենց տուն, որտեղ կարճ ժամանակ անց նկատել են, որ չի շնչում, և զանգահարել են շտապօգնություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: