Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է առանց նրա նկատմամբ անձեռնմխելիությունը հաղթահարելու եւ առանց վաղեմության ժամկետն հաշվի առնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու ԱԺ-ի որոշմանը՝ փաստաբանն ասաց.

«Սա քաղաքական կոնկրետ թիմի կողմից իրականացվող քաղաքական դրդապատճառներ են, որ քրեական հետապնդման թույլատրելու հարցերը բարձրացվեն: Միանշանակ սպասելի էր, որ այդ որոշումը կկայացվի: Դա քաղաքական որոշում էր: Դա իրականում իրավական հարց չէր»:

Նշենք, որ քիչ առաջ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Ազգային ժողովը համաձայնություն տվեց:

Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել:

2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը:

3-րդին 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել  Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ էր ներկայացրել։ Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել էր, թե ինչում է մեղադրվում Օհանյանը` հայտնելով, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել։

Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։