Իրանական սպառազինությունների արտահանումը 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է երեք անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին, հայտնում է IRNA-ն։

Նա նշել է, որ պաշտպանական արտադրանքի արտահանումն աստիճանաբար զարգանում է, այս տարի այն եռապատկվել է նախորդ տարվա համեմատ։

Փոխնախարարի խոսքով ՝ երկրում ռազմարդյունաբերական համալիրի ուժեղացված զարգացումը սկսվել է 10 տարի առաջ։ Դրա արդյունքը զորավարժություններին հայրենական արտադրության ռազմատեխնիկայի մասնակցության զգալի աճն էր. միայն վերջին մեկ տարվա ընթացքում դրա մասնաբաժինը աճել է 10 տոկոսով ՝ հասնելով 93 տոկոսի։

Իրանցի գեներալը նաեւ նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի պատճառով հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է գտնվի կառավարության, այլ ոչ թե մասնավոր անձանց ձեռքում։