Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էապես կավելացնի Հայաստանի առեւտրի ծավալները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության ժամի ընթացքում ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մասնավորապես, դա վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին։

Նրա խոսքով ՝ Հայաստանի եւ ԵՏՄ անդամ մյուս պետությունների միջեւ գոյություն ունի ընդամենը մեկ ցամաքային երթուղի, որն անցնում է Վրաստանով։

«Հասկանալի է, որ հնարավորությունները սահմանափակ են։ Դրանից բխում է, որ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային եւ երկաթուղային երթուղիների բացումը կարող է ապահովել Հայաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրի ծավալների էական աճ»,-ասաց նա։

Դրանով էլ, ինչպես նշեց Փաշինյանը, բացատրվում է Հայաստանի հետաքրքրությունը երթուղիների ապաշրջափակման նկատմամբ։ «Եվ Հայաստանը պատրաստ է իրականացնել այն, ինչ գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ կեղծ համարեց որոշ երկրների մոտ ստեղծված տպավորությունը։ «Հայաստանն, իբր, խոչընդոտում է հաղորդակցությունների բացմանը։ Ընդհակառակը, հայկական կողմն ամենից շատ շահագրգռված է ապաշրջափակման մեջ, քանի որ հենց նա է 30 տարի գտնվում շրջափակման մեջ։ Ե՛վ Ադրբեջանը, եւ՛ Թուրքիան այլընտրանքային երթուղիներ ունեն։ Եվ հաշվի առնելով Հայաստանի՝ հաղորդակցությունների կարիքը՝ նրանք փորձում են բարձրացնել այդ միջանցքների բացման գինը»,-նկատեց նա։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» եզրույթ չկա։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով դեպի Նախիջեւան երթուղու առնչությամբ։ Չկա նաեւ «ինքնիշխանության սահմանափակում» հասկացություն։ 

«Ադրբեջանի նախագահն ինքն է օրերս խոստովանել, որ հայտարարության մեջ չկա «միջանցք» բառը, եւ որ ինքն է այն շրջանառության մեջ դրել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: