Ղազախստանի իշխանությունները չորս ամսով արգելել են հանրապետությունից բենզինի, դիզելային վառելիքի եւ նավթամթերքների որոշ տեսակների արտահանումը տրանսպորտի բոլոր տեսակներով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել են հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հրամանն ուժի մեջ կմտնի առաջին պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։ «Այդ կապակցությամբ, Ղազախստանի Հանրապետությունից դուրս այդ ապրանքների արտահանման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելիս խնդրում ենք ուշադրություն դարձնել նշված արգելքի պահպանման անհրաժեշտությանը»,- նշել են գերատեսչությունում։

Հունվարի 22-ին Ղազախստանի իշխանությունները եւս կես տարով երկարացրել են ավտոմոբիլային տրանսպորտով նավթամթերքների արտահանման արգելքը, որը գործում էր անցյալ տարվա հուլիսից։ Ավելի վաղ հանրապետության էներգետիկայի նախարարությունը պարզաբանել էր, որ բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ գները երկրում ավելի ցածր են, քան Ռուսաստանում, Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում, ինչը հանգեցնում է սահմանամերձ շրջաններում տարանցիկ մեքենաների վարորդների կողմից վառելիքի եւ քսանյութերի մեծ պահանջարկի։